Ինչպես պատրաստել հայկական ավանդական հորած պանիր

Հայկական ավանդական խոհանոցի ամենատարածված ուտեստը «հաց ու պանիրն» է։ Այդ առիթով էլ ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ առածներ ու ասացվածքներ. «Պանիր-հաց` սիրտը բաց», «Պանիր-հացիկ` պարզ երեսիկ», «Դեռ շատ պանիր-հաց պիտի ուտես», «Հաց ու պանիր, կեր ու բանիր», «Պանիր-հաց չէ, ամեն մարդու բան չէ»:

Հայկական սեղաններում պարտադիր ուտելիք է պանիրը՝ կանաչիի հետ:

Այդ առիթով էլ հետաքրքիր սովորություն է ճաշն ավարտել պանիր-հացով, ոմանք այն որակում են որպես «բերանն օծել»:

Հաց թխելիս, առաջին տաք հացը ճաշակում են պանրով, ընթացքում շարունակելով աշխատանքը:

Ճանապարհ գնալիս պանիր-հացը ամենասիրված և գործնական ուտեստն է, որը, ըստ հին պապական կենցաղի, կիսում ենք ծանոթանծանոթի հետ, ջրի եզրին, կանաչ տարածքում:

Անվան ծագումը և տարբերակները

Ըստ Աճառյանի՝ բառի ծագումը գալիս է պահլավերեն paeman (կաթ) բառից. այնուհետև այն տարածվել է բոլոր ասիական երկրներում:

Բարբառային անվանումներ են պանըէր, պանդիր, բանիր, բայրի, բանիր, բանդրի, բենէր, բանըյ, բէնիր, բանըր, պօնիր, պանար և այլն։

Հին հայերենից հետաքրքիր է հիշատակել հետևյալ բառերը. պանրուտի, պանդրուտու, պանդրաջուր… Իսկ պանրուտիք է կոչվում հունաց պանիր ուտելու շաբաթը:

Պանիրը աղաջրով պահեստավորում են պանրամանում (ինչպես եղաման` յուղի աման, թանաման, ձկնաման և այլն), որն էլ տարբեր անվանումներ ունի, օրինակ՝ բղուղ, կճուճ, աքաշ, ծափ և այլն:

Պանրաման կամ պանրադրի է կոչվում սեղանին մատուցվելիք պանրի ափսեն, իսկ պանրխոտ՝ պանրի հետ խառնած վայրի կանաչին:

Ավանդական պանրատեսակներ

Հայկական ավանդական պանրի տեսակներն այլազան են. շատ հաճախ անվանումներն առաջացել են պանրի տեսքից կամ կենդանու անվանումից. ոչխարի կամ այծի պանիր, քաշած (յուղը քաշած, անյուղ), անքաշ կամ յուղալի պանիր, գյուղական կամ սարի պանիր, տկի (ոչխարի ստամոքսից կարված տիկ) կամ մոթալ պանիր, հորած (կարասով հողի մեջ հորած) կամ կուժի կամ պուտկի պանիր, ճիլ կամ ճիվիլ կամ չեչիլ պանիր, հյուսակ կամ թել պանիր. այս վերջինը հաճախ կատակով անվանում են անաստված պանիր՝ ծաղրելով նրա անյուղ լինելը. կանաչ (բորբոսեցրած) պանիր, ժաժիկ կամ չուքալիկ (թան եռացնելիս կտրված շոռով պատրաստված), կաթնաշոռ կամ մաճառակ (թարմ պանիր՝ կտրած կաթից), շոռ, լոր և այլն: Այսօրվա Հայաստանյան շուկայում պանրի արտադրությունը բազմազան է. պատրաստվում, արտադրվում և արտահանվում են բազմապիսի պանրատեսակներ. լոռի, չանախ, ալաշկերտ, լալվար, բրինզա, թել, չեչիլ, ապխտած, հորած, հոլանդական, հալած, պանրիկ և այլն։ Հարգի է նաև տնական պանրի պատրաստումն ու վաճառքը:

Հորած պանիր

Բարեբախտաբար մինչև այսօր Հայաստանում դեռ շարունակվում է հորած պանրի մշակույթը. յուրաքանչյուր շրջան ունի իր հատուկ պատրաստման ձևը։ Հորած պանրի հումք հանդիսացող կաթնամթերքի ընտրությունն էլ տարբեր է լինում։ Առհասարակ հորած պանրի գլխավոր հումքը եղել է «40 օր աղ կերած» պանիրը։

Տարբերությունը բաղադրության և չափաքանակների մեջ է. որոշ տեղերում խնոցու թանից ստացված շոռն է առատ, որոշ տեղեր ավելացնում են թել պանիր կամ թթվասեր։

Գյումրեցիք, օրինակ, չեչիլ (թել) պանիրն են հորում: Ոմանք այն պատրաստում են լեռնային կանաչիներով ու բանջարներով, օրինակ` ուրց, դաղձ, սխտորուկ և այլն, որոշ տեղեր չորացրած թարխուն են խառնում. Եղեգնաձորում կարմիր ծիծակ են մանրացնում պանրի հետ, իսկ Վանի ավանդական հորած պանրի մեջ, որպես կանաչի, օգտագործվում է գարնանը թթու դրած խնջլոզ կոչվող բանջարը:

Մուսալեռան և Քեսապի գյուղերում սովորություն է պատրաստել սուրքի կոչվող բորբոսեցրած պանիրը. շոռին խառնելով պղպեղի մածուկ և բազմապիսի համեմունքներ՝ մատներով պատրաստում են բրգաձև գնդեր և չորացնում:

Այն վայրերում, որտեղ ուշ գարնանը և վաղ ամռանը կաթն առատ է, պանիրը հորում են այդ ամիսներին, իսկ այլ վայրերում սովորաբար ուշ աշնանն են հորում:

Ինչպե՞ս պատրաստել հայկական ավանդական հորած պանիր

Կաթնամթերքը (սովորական տնական պանիր, կաթնաշոռ, թել-պանիր, թթվասեր) մատներով տրորելով խառնել, ավելացնել չորացրած ուրց և թարխուն, ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև մանրացրած կարմիր ծիծակ և կանաչ սխտորի ցողուն:

Խառնուրդը լցնել ապակյա տարաների մեջ, բերանը փակել ցանցատիպ կտորով, գլխիվայր շրջել մաքուր մոխիրի վրա և թողնել մեկ շաբաթ։

Գյուղերում մինչ այսօր էլ պանրի կարասները շրջում են վառած աթարի մոխրի վրա, որը նաև ախտահանող հատկություն ունի:

Մեկ շաբաթ անց պանրամանը տեղափոխում են փայտի վրա և նույն դիրքով թողնում դարձյալ մեկ շաբաթ:

Երբ պանրամանի միջի ջուրն արդեն դուրս է եկել, և պանրի վրա պինդ շերտ է գոյացել, ուրեմն պատրաստ է։ Հորած պանիրը պետք է պահեստավորել զով և մութ տեղ կամ սառնարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում