Երեխայի խոսքի հապաղման հոգեբանական գործոններն ու տարիքային առանձնահատկությունները

Ի՞նչ է խոսքը. այն բանական մարդու սոցիալականացման ամենակարևոր ձեռքբերումն է: Խոսքը տալիս է հասկացվածություն, մեկնաբանություն, լսելիություն, արտահայտվածություն, տեղեկատվության փոխանցում, մտածողություն, դատողություն և, վերջապես, լինելիության բարձրաձայնում:

Հոգեբանական տեսանկյունից խոսքն արտահայտում է մարդու ներքին բովանդակությունը: Եթե մի կողմ դնենք խոսքի հապաղման ֆիզիկական գործոնները, որոնք կարող են լինել տարբեր և ունենալ առաջացման տարբեր պատճառներ՝ նյարդային համակարգի, լսողական համակարգի, լեզվամկանային համակարգի և այլ համակարգերի խանգարում, ապա խոսքի հապաղման հոգեբանական գործոններն առավել ներքին հուզական համակարգի հետ են կապված:

Նախ ներկայացնեմ խոսքի զարգացման հիմնական փուլերը և տարիքային առանձնահատկությունները: Որպես կանոն, գոյություն ունեն մի քանի տարիքային փուլեր, որոնք ենթադրում են խոսքի արտահայտման հետևյալ ձևերը.

Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ

Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած՝ սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը:

Թոթովանքի փուլ

Թոթովանքի շրջանը սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայներն իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Դա նշանակում է, որ այս փուլում սոցիալական շրջապատն արդեն վճռական ազդեցություն է գործում երեխայի խոսքի զարգացման վրա: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: Արտաբերվում են այնպիսի շրթնային հնչյուններ, ինչպիսիք են` բ, մ, պ, փ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: 7-8 ամսական թոթովախոս երեխան կրկնում է մեկ ձայնավորից և մեկ բաղաձայնից կազմված բառերի շարքեր (մամա, պապա, տատա և այլն):

Պասիվ խոսքի փուլ

Երեխան դեռևս չի կարողանում խոսել, բայց հասկանում է շրջապատողների խոսքը` իրեն ուղղված մի շարք բառեր և պարզ նախադասություններ: 8-9 ամսականում բնականոն ռիթմով զարգացող երեխան կարող է հասկանալ հրամայական և հարցական կարճ նախադասություններ, և ընդ որում` երեխան հասկանում է ոչ այնքան նախադասության ընթացքը, որքան նրա հուզական կողմը, տոնը, շեշտադրումը, ժեստերը և դիմախաղը: Արդեն 10 ամսականում երեխան դրսևորում է վերլուծական մտածողության որոշ կարողություններ:

Ակտիվ արտաքին խոսքի փուլ

Այս փուլը կազմված է երկու ենթափուլից`
1. Իրադրական խոսքի ենթափուլ
2. Կապակցված համատեքստային խոսքի ենթափուլ

Իրադրական խոսքի ենթափուլ

Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասը սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն անհատական բավականին մեծ տարբերություններ: Որոշ երեխաներ կարող են ակտիվ խոսքի փուլին անցնել 2 տարեկանում կամ ավելի ուշ: Այսինքն` նրանց պասիվ խոսքի փուլը միջինից շատ ավելի երկար է տևում, նույնիսկ՝ մինչև 3 տարեկան: Երեխայի արտասանած առաջին բառերը թոթովանքի ժամանակ արտասանվող հնչյունների զուգորդություններից կազմված բառերն են: Եթե թոթովելիս «մա-մա-մա» շարքը որևէ իմաստ չէր արտահայտում, ապա այժմ այդ զուգորդությունը կարող է նշանակել մայր:

Իրադրական խոսքը մեծ նշանակություն ունի ընտանիքի անդամների հետ երեխայի շփման և հիմնական պահանջմունքների բավարարման հարցում: Օրինակ` շատ երեխաներ «հաֆո» կամ «հաֆ-հաֆ» են ասում, երբ ուզում են ցույց տալ շանը, կամ ինչ-որ միտք արտահայտել, որը կապված է շան հետ: Նմանատիպ բառերի կիրառումը պայմանավորված է կոնկրետ իրադրությամբ, որում տվյալ պահին հայտնվել է երեխան:

Կապակցված համատեքստային խոսքի փուլը և եսակենտրոն խոսքի խնդիրը

Խոսքի զարգացման այս փուլը սկսվում է 1.5-2 տարեկանից: Այս փուլում երեխայի խոսքը հանդես է գալիս՝ որպես նրա գործողություններին ուղեկցող գործընթաց: Օրինակ` երեխան տուն պատրաստելիս ինքն իրեն խոսում է, տալիս է այն առարկաների անունները, որոնցով խաղում է:

Ժ. Պիաժեն, հետո նաև՝ Լ. Ս. Վիգոտսկին, ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ երեխայի խոսքի և մտածողության զարգացման վրա խոր ազդեցություն են գործում այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Ժ. Պիաժեն առաջ քաշեց նաև «եսակենտրոն խոսքի» մասին իր տեսակետը: Եսակենտրոն է երեխայի այն խոսքը, որը նախատեսված է հենց իր համար, իսկ «սոցիալականացված» խոսքն ուղղված է ուրիշներին: Ըստ Պիաժեի` եսակենտրոն խոսքը ժամանակի ընթացքում մարում ու անհետանում է:

Լ.Ս. Վիգոտսկին, քննադատորեն վերլուծելով Պիաժեի տեսակետը, առաջ քաշեց այն միտքը, որ երեխայի խոսքի ցանկացած տեսակ սկզբից ևեթ սոցիալական է: Փորձելով պարզել, թե երեխայի կյանքում ինչ նշանակություն ունի եսակենտրոն խոսքը, հանգեց այն եզրակացության, որ խոսքի այդ տեսակը սոցիալական ծագում ունի և ժամանակի ընթացքում ոչ թե անհետանում է, այլ դառնում է ներքին խոսք:

Որոշ տվյալներ վկայում են, որ 2-3 տարեկան երեխայի եսակենտրոն խոսքը կապված է խնդրային իրադրությունների հաղթահարման հետ: Երբ երեխան հայտնվում է խնդրային իրադրության մեջ, որտեղ պետք է հաղթահարի չնախատեսված դժվարությունները, նրա ինքնաբուխ եսակենտրոն խոսքն անմիջապես ակտիվանում է: Այս փաստը ցույց է տալիս, որ խոսքի այս տեսակը ծառայում է խնդիրների լուծմանն ու խնդրային իրադրությունների հաղթահարմանը, այսինքն` երեխայի ադապտացիայի ապահովմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Հարեմի դռներից ներս. ինչպես են ապրում արաբ կանայք
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Երբեք մի դիմացեք նեգատիվ վարքագծի այս 6 տեսակներին. կյանքը չափազանց կարճ է
«Մահվանից բացի, աշխարհում ամեն բան կարելի է ուղղել»․ 15 մեջբերումներ Միգել դե Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպից
«Զգուշացեք համբերատար մարդկանցից»
«Եղիր ինքդ քո բռնակալը». Ռոքֆելլերի հաջողության գրավականը
Այս 15 նշանները վկայում են այն մասին, որ ձեր լյարդը վատ է աշխատում
Կենդանակերպի այս 3 նշաններն ի ծնե հաղթողներ են
Արևելյան բժշկության 10 ոսկե կանոնները

Վերջին լուրեր

«Շատ հոգատար հայր է». Գուրգեն և Իննա Դաբաղյանների դստեր պատվին կազմակերպված խնջույքն ու դրան նախորդած դժվար փուլը
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շրի Շրի Ռավի Շանկարի 7 խորհուրդները
Լիմոնադով հրաշք – բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ
Ինչպե՞ս թիկնոցը կարողացավ կյանք փրկել և օգնեց դքսին փախչել մահապատժից. առեղծվածային պատմություն
Տաղանդավոր դաշնակահարի երաժշտությունից փղերը սկսում են լաց լինել. տեսանյութն առանց հուզմունքի հնարավոր չէ դիտել
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ)
Պատմության առաջին հոգեբուժարանները, որոնք վատթարացնում էին մարդկանց հոգեկան առողջությունը
Ֆինանսական բուրգեր. ինչպե՞ս են դրանք ի հայտ եկել, և որո՞նք են պատմության մեջ այս հանցագործության ամենահայտնի դեպքերը