
Ամեն տարի գիտնականները բացահայտում են բազմաթիվ նոր կենդանատեսակներ, սակայն անգամ այն կենդանիների մասին, որոնց հետ մարդկությունը հազարմյակներ շարունակ ապրում է կողք կողքի, մենք ամեն ինչ չէ, որ գիտենք:
Կենդանիների մասին մի շարք միֆեր են պտտվում մարդկանց շրջանում, որոնք, սակայն, չեն համապատասխանում իրականությանը:
Կաթն օգտակար է կատուների համար
Իրականում կատվի կերի մեջ կաթ ավելացնելով մենք վնասում ենք մեր սիրելի տնային կենդանիներին, ինչպես և կաթնասունների մեծ մասին: Բանն այն է, որ տարիքի աճի հետ մեկտեղ նրանք դադարում են լակտոզ ընդունել: Մոտավորապես 3-4 ամսականում կատվի օրգանիզմում դադարում է այն ֆերմենտի արտադրությունը, որը լուծում է կաթնաշաքարը, հետևաբար օգտագործված կաթը մարսողական խնդիրներ է առաջացնում:
Մկները պանիր են սիրում
Բնական միջավայրում կրծողներին պանիր չի հանդիպում, և նրանք էվոլյուցիայի են ենթարկվում այնպիսի պայմաններում, որտեղ անգամ պանրի նմանվող սնունդ չեն ընդունում: Իրականում մկները նախընտրում են մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող սնունդ, օրինակ՝ հատիկեղեն և մրգեր: Մի քանի անգամ իրականացված փորձերը ցույց են տվել, որ նրանք կտրականապես հրաժարվում են պանրից:
Խլուրդները կույր են
Գետնի տակ ապրող այս կենդանիներն ունեն աչքեր, չնայած որ դրանք շատ փոքր են և ունեն 1-2 մմ տրամագիծ: Աչքերի օգնությամբ խլուրդները կարողանում են տարբերակել մի քանի գույն, տեսնել շարժվող օբյեկտներն ու արձագանքել լուսավորության փոփոխությանը: Այս ամենն օգնում է նրանց կողմնորոշվել տարածության մեջ, ինչպես նաև նկատել շարժվող որսն ու գիշատիչներին:
Ուղտերը ջուրը սապատների մեջ են պահում
Ուղտերն իրենց սապատների մեջ, բնականաբար, ոչ թե ջուր, այլ ճարպ են պահում: Ճարօի հավաքված պաշարը անապատի այս բնակիչներին թույլ է տալիս առանց սննդի գոյատևել մինչև 14 օր: Արտակարգ պայմաններում ճարպը քայքայվում է՝ ապահովելով օրգանիզմին օգտակար սննդանյութերով, հետևաբար նաև չափերով փոքրանում են սապատները: Առանց ջրի ապրել ուղտերին օգնում են այլ առանձնահատկություններ. այս յուրօրինակ արարածներն ունակ են նվազագույնի հասցնելու խոնավության կորուստը և դիմացկուն են ջրազրկման հանդեպ: Նրանք հանգիստ կերպով տանում են 30-40% հեղուկի կորուստը:
Ջայլամները վախից թաքցնում են գլուխներն ավազի մեջ
Այս միֆն այնքան խորն արմատներ ունի մարդկանց մտածողության մեջ, որ անգամ արտահայտություն գոյություն ունի՝ «ջայլամի քաղաքականություն»: Սակայն իրականում ոչ ոք երբևէ չի տեսել, թե ինչպես է ջայլամը գլուխն ավազի մեջ թաքցնում: Վտանգի պահին թռչունը պարզապես վազում է մինչև 70 կմ/ժ արագությամբ: Դա շատ ավելի արդյունավետ է, քան գլուխն ավազի մեջ թաքցնելը: Խոնարհվելով ջայլամները պարզապես հանգստացնում են ուսերի մկանները և գետնից փոքրիկ քարեր հավաքում, որոնք օգնում են նրանց մարսել սնունդը: