Թե ինչպես թուրք երաժիշտը 40 տարեկանում միայն իմացավ, որ ինքը հայ է

Թուրքիայի հայտնի ռոք երգիչ Յաշար Քուրթը հոգով միշտ հեղափոխական է եղել: Նա մասնակցել է հակակառավարական ակցիաներին, նրան ձերբակալել են և անգամ դատապարտել ազատազրկման: Նրա երգերն ընկալվել են որպես այլախոհության խորհրդանիշ, հնչել են՝ որպես պատերազմների, բռնության, կրոնական անհանդուրժողականության դեմ պայքարի հիմն:

Թուրքիայում ոչ ոք չզարմացավ, երբ 2008թ. հոկտեմբերին Յաշարն առանց երկմտելու ստորագրեց հայտնի դիմումը, որի հեղինակները ներողություն էին խնդրում հայերից` Ցեղասպանության հարցում իշխանությունների վարած քաղաքականության համար: Ա՜յ թե նա կիմանար այն ժամանակ, որ ինքն իրենից է ներողություն խնդրում…

Յաշարը 40 տարեկան էր, երբ իմացավ, որ ինքն էլ հայ է: Նա վաղուց էր նկատում, որ տարբերվում է շրջապատող մարդկանցից. թուրքի նման չէ: Բայց ծնողները շարունակ թաքցնում էին ընտանիքի ծագման պատմությունը:

2009թ. արդեն հայտնի երաժիշտ Յաշարն առաջին անգամ համերգով Երևան էր եկել. «Հայաստանում շատ հարազատ մթնոլորտ էր,-հիշում է Յաշարը,-մի օր՝ փողոցներով զբոսնելիս, խանութում գնեցի հայ մեծ երգահան Կոմիտասի երաժշտության սկավառակը: Նկատեցի, որ սկավառակի վրա պատկերված Կոմիտասն ինձ շատ նման է: Այնքան նման էր, որ ինձ թվաց, թե սկավառակի վրա իմ լուսանկարն է: Ապշած էի` ինչո՞ւ եմ այսչափ հայի նման, եթե թուրք եմ: Ինչո՞ւ եմ արտասվում, երբ հայկական երաժշտություն եմ լսում»:

Ստամբուլ վերադառնալուն պես նա գնաց հոր մոտ և պահանջեց, որպեսզի պատմի ողջ ճշմարտությունն ընտանիքի մասին, որքան էլ այն դաժան լինի: Պատմությունն ավելի ողբերգական էր, քան Յաշարը կարող էր ակնկալել: Պարզվեց, որ նրա նախնիներն ապրել են Վանի շրջանում`հայկական Անձար գյուղում: 1895 թվականին՝ հայերի առաջին ջարդերի ժամանակ, կոտորվել է ամբողջ ընտանիքը: Ողջ է մնացել միայն Իսմայիլ անունով 9-ամյա տղան, ով ոտքով հասել է մինչև Սև ծով, որտեղ բարի մարդիկ նրան ապաստան են տվել: Այդ տղան Յաշարի նախապապն է: Հատկանշական է, որ համշենական գյուղում, որտեղ նա հայտնվել էր և որտեղից ընտրել է իր հարսնացուին, ապրում էին իսլամացած հայերի հետնորդներ: Այսինքն` Յաշարի նախատատը, ըստ երևույթին, ծագումով նույնպես հայ էր, ինչպես և երգչի տատը, ում հետ ամուսնացել է Իսմայիլի որդին, ինչպես և մայրը, որը նույնպես Համշենում է ծնվել: Յաշարի հոգում հեղաշրջում տեղի ունեցավ:

Լույս սփռելով իր ընտանիքի պատմության մութ էջերի վրա` նա հասկացավ, թե իրականում ինչով էր պայմանավորված ստեղծագործելու շարժառիթ հանդիսացող նրա ներքին բողոքը: Հեշտ չէ 40 տարեկանում նոր կյանք սկսել: Յաշարը դեռ պետք է ինքն իրեն գտներ հայերի մեջ: Նա սկսեց հայոց լեզու սովորել, Հայաստանի պատմության մասին գրքեր կարդալ: Քյոլնի հայկական եկեղեցում կնքվելով՝ Յաշարը այլևս Արշակ Քուրթն է:

«Բարձրաձայն հայտարարելով, որ ես այլևս հայ եմ, բազմաթիվ թշնամիներ ձեռք բերեցի, – պատմում է նա,- ինձանից երես թեքեցին անգամ նրանք, ում ես ընկեր էի համարում: Հայտնվեցին մարդիկ, որ ասացին` դե, եթե հայ ես, հեռացիր Հայաստան: Ինձ դժվար էր բացատրել, որ եթե ես հայ եմ, ապա այստեղ է իմ տունը: Իմ նախնիների հայրենիքը նրանց կամքից անկախ է այս երկրի մաս դարձել: Չնայած դրան, հայերն այս երկրի համար այնքան դրական բաներ են արել, որ ես առանց քաշվելու կարող եմ հպարտանալ իմ ծագումով»:

Յաշար Քուրթը վառ օրինակ է, թե ինչպես են Թուրքիայի սակավաթիվ հայերը, սարսափելի ողբերգություն վերապրելով, մինչ օրս շարունակում նկատելի ներդրում ունենալ Թուրքիայի մշակույթի զարգացման մեջ: Առաջին հերթին սա երաժշտությանն է վերաբերում: Թուրքիայի արդի երաժշտությունն անհնար է առանց հայերի պատկերացնել:

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր հայրենակից Հայկո Չեպկինը թուրքական ռոքի ամենավառ աստղն է: Թուրք ռոք երաժիշտներից նա թերևս միակն է, ով հայտնի է արտասահմանում: Թուրքական էստրադայի ամենահայտնի աստղերն իրենց կարիերայի համար պարտական են լեգենդար պրոդյուսեր և գործիքավորող, ազգությամբ հայ Օնո Թունջին: Երաժշտական քննադատները պնդում են, որ նրանից առաջ փոփ երաժշտություն, որպես այդպիսին, Թուրքիայում չի եղել:

Հայտնի թուրք երգահան Չենք Թաշքանի իսկական անունը Մաժակ Թոշիկյան է. նա կեղծանուն է ընտրել, որպեսզի խուսափի պետական գրաքննությունից: Թոշիկյանի հեղինակած երգերը համաշխարհային հռչակ են պարգևել հանրահայտ երգչուհիներ Սեզեն Աքսուին, Աժդա Պեկկանին, Նուքհետ Դուռուին: Սիբիլ Փեքթորոսօղլուն` Չենք Թաշքանի երգերի լավագույն կատարողներից մեկը, նույնպես հայ է:

Ահա այսպես, Մեծն Կոմիտասի հայրենակիցները, ի հեճուկս երիտթուրք հանցագործների պլանների, շարունակում են ապրել և ստեղծագործել Բոսֆորի ափերին: «Կոմիտասին շատ բանով եմ պարտական: Եթե նա չլիներ, գուցե չիմանայի էլ, որ հայ եմ: Կոմիտասի շնորհիվ գտա ինքս ինձ, ձեռք բերեցի ներդաշնակություն և վերադարձրեցի հավատքը», – ասում է Յաշար Քուրթը:

Արտյոմ Երկանյան

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում
«Սաղից լավը էդ SMS-ներն են Snickers-ներով». Ռազմաճակատ. կամավորները
«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես»
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյով (տեսանյութ)
Ջավախքցի փոխգնդապետի աղջիկը՝ զոհված հայրիկի մասին
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից