Հայի վերջին խելքը

Զրույց կամավորական ՀՈՒՍԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ

-Դուք Արցախյան երկու մեծ պատերազմների մասնակից եք։ Առաջինի ժամանակ մենք ազատագրեցինք մեր պատմական հայրենիքը։ Երկրորդի ժամանակ՝ 30 տարի անց, կորցրինք դրա մի մասը։ Դուք ունե՞ք պատասխան. ի՞նչն էր մեր ձախողման պատճառը, և ի՞նչ դասեր ենք քաղում կատարվածից։

-Երկու պատերազմների ժամանակ էլ մեր ուժերը անհավասար էին։ Երբ Արցախն ազատագրեցինք՝ էլի մեկը տասի դեմ էինք կռվում, ադրբեջանցիները տասնապատիկ շատ էին գլխաքանակով։ Մեզ գերազանցում էին նաև սպառազինությամբ, բայց մենք հաղթեցինք, ու ծնվեց հայկական ոգու անպարտելիության առասպելը։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ հայկական ոգին, որքան էլ հզոր լինի, չի կարող փակել անօդաչու թռչող սարքից թափվող հրթիռների ճանապարհը ու չի կարող դրանք վնասել օդում։ Տանուլ տված պատերազմի ամենակարևոր դասն այն էր, որ ոգուց զատ, մեզ նաև ժամանակակից սպառազինություն է պետք՝ հաջող մարտ վարելու համար։ Նաև հարկավոր է մեր ու թուրքերի ռազմական ուժերի տարբերությունը հասցնել նվազագույնի՝ իրատեսորեն, պրագմատիկ հաշվարկներով։ Մի բան էլ՝ պետք է արժանին մատուցել պատերազմում զոհվածների հարազատներին՝ ծնողներին, կանանց, զավակներին, որպեսզի տասը, քսան, երեսուն տարի անց, հայրենիքի պաշտպանության համար կռվելիս հայ տղամարդը վստահ լինի, որ, եթե զոհվի, իր ծեր մայրը աղքատության մեջ չի ապրելու, իր կինը պաշտոնյաներից ողորմություն չի խնդրելու, իր զավակը ծուռվիզ չի մեծանալու… Մեր պատերազմը չի ավարտվել, իսկ վաղվա կամավորականը այսօրվա երեխան է, դպրոցականը, ուսանողը։ Նրանք պիտի տեսնեն, թե ինչ փառքի են արժանանում զոհվածների հարազատները, որպեսզի իրենք էլ վաղը պատրաստ լինեն հանուն հայրենիքի զոհվելու։

Այս պատերազմը մեզ մի բան էլ տվեց՝ հայրենիք կորցնելու մրմուռը։ Այդ ցավը մեզ կստիպի կորցրածը ետ բերելու ելքեր որոնել։ Ես արևմտահայ եմ։ Հայրս մշեցի է, մայրս՝ սասունցի։ Մանկուց իմ երկու տատերը՝ Նանեն ու Բալասանը, ինձ պատմել են Էրգրի, թուրքերին թողած մեր պապական տան ու կոտորածի մասին։ Մեծ ցավ կլինի, եթե շուշեցիները, հադրութցիները նույնպես իրենց ապագա երեխաներին կսկիծով պատմեն կորցրած ծննդավայրի մասին։

-Իսկ ինչո՞ւ են Եղեռնի մասին պատմել Նանե ու Բալասան տատերը և ոչ պապերը, դա ավելի շատ տղամարդկային զրույց է։

-Նանե ու Բալասան տատերը մեր ցեղի հենարանն էին, գերդաստանի ողնաշարը, ճյուղառատ ծառի բունը, օջախի կրակը, ցեղի անձեռագիր բարոյական կանոնագիրքը։ Սիրտը՝ մեծ, ձեռը՝ բաց, հոգում՝ անսահման սեր ու կարեկցանք։

Էլ չեմ խոսում Մամոյի մասին:

-Մամոն ո՞վ է:

-Մամոն մեր մեծ հորաքույրն է՝ պապիկիս քույրը։ Մամոյի խոսքը օրենք էր, Մամոն հեղինակություն էր ցեղում։

Ես շատ եմ սիրում հայկական ընտանիքի ավանդույթները։ Դուք երբևէ մասնակցե՞լ եք մշեցու կամ սասունցու հարսանիքի։

-Չէ՛, չեմ մասնակցել։

-Մենք հարսանիքի ժամանակ «Մայրոկե» ենք պարում, «Յարխուշտա», «Գովնդի», «Մշո ղըռ»։

-Մամո՞ն էր ստատուսով ավելի բարձր, թե՞ Նանե ու Բալասան տատերը։

-Մամոն։ Ես երբեք չեմ մոռանում, երբ Մամոն պատմում էր, թե ինչպես են իրենք տուն կառուցել Էրգրում։ Ոչինչ ինձ այնպես չի դաստիարակել, ինչպես այդ պատմությունը։ Մամոն պատմում էր, թե ինչպես են քարը քարին դրել, դուռ ու լուսամուտ սարքել։ Այնպիսի սիրով ու հուզմունքով էր պատմում, այնքան մանրամասն, որ պապիս տունը քար առ քար բարձրանում էր աչքերիս առաջ, դառնում իմը, դառնում հայրենիք… Հետո ես կորցնում էի իմ տունը, անցնում՝ ցավի, կորստի, գաղթի ճանապարհներով։

Դուք Արցախյան առաջին պատերազմին որպես կամավորակա՞ն եք մասնակցել։

-Ո՛չ, ես զինվոր էի։ Բազմաթիվ ճակատամարտերի եմ մասնակցել նաև, վերջապես մտել եմ ազատագրված Շուշի… Բազմաթիվ ընկերներ եմ կորցրել։ 25-30 տարի է անցել, բայց ես դեռ մղձավանջային երազներ եմ տեսնում, դժոխային դրվագներ անցյալից։

-Ձեր կարծիքով՝ մենք ինչպե՞ս պետք է հաղթահարենք այս պարտությունը։

-Մենք թուրքին չենք պարտվել, այլ՝ ինքներս մեզ։ Թուրքը նույն թուրքն է՝ վախկոտ, փոքրոգի, վարձկանի թիկունքում թաքնվող, ավարառու, անմարդկային, պարզապես՝ ժամանակակից ու հզոր զենքերով զինված։ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մեզ ավելորդ ինքնավստահություն ներշնչեց, թմբիրի մեջ գցեց։ Հիմա եկել է թուրքի ասած՝ հայի վերջին խելքի ժամանակը։

-Թուրքն ասում է՝ հայի վերջին խելքը իմը լիներ։

-Չէ՛, թուրքի ուղեղն էդքան չի ձգի, հայի վերջին խելքը միայն հայինն է, այդտեղ մենք մրցակից չունենք։ Օրհասական պահին մենք դառնում ենք ամենաուժեղը, ամենախելացին, ամենահայրենասերը, ամենահամախմբվածը։ Եթե մենք այս պատերազմը հաղթեինք, միևնույն է, մեր պատերազմը թուրքի հետ չէր ավարտվելու։ Ե՛վ մենք ունենք անավարտ երազանքներ, և՛ թուրքերը։

-Եվ այդ երազանքներն անհամատեղելի են։

-Այդ երազանքները հակոտնյա են, մեկի իրականացումը մյուսի մահն է, և մենք ընդամենը մեկ ճակատամարտ ենք տանուլ տվել։

Մեկ ճակատամա՞րտ, իսկ Արևմտյան Հայաստանը, մեր խոնարհված եկեղեցիները, մեր ոչնչացված փառահեղ մշակույթը և արևմտյան հայրենիքում ադրբեջանական դրոշը Տիգրանակերտի ամրոցի վրա, ադրբեջանական բարբաջանքը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատերին, և այս ամենը Դուք համարում եք մեկ տանուլ տված ճակատամա՞րտ։

-Եթե մենք սա համարենք վերջնական արդյունք, ապա, անշուշտ, պարտություն է, այն էլ՝ խոշոր հաշվով։ Բայց դեռ մենք ժամանակ ունենք հակառակորդի դարպասին խփելու հաղթական գնդակը՝ ֆուտբոլային լեզվով ասած։ Ի դեպ, ես ժամանակին ֆուտբոլ եմ խաղացել։ ԽՍՀՄ երիտասարդական առաջնության չեմպիոն եմ։ Քանի դեռ չի հնչել մրցավարի սուլիչի ձայնը, դու հաղթանակի շանս ունես։

-Եկեք այս լավատեսությամբ էլ ավարտենք զրույցը։

-Իմ որդու անունը Միրո է, եղբորս որդու անունը՝ Մարութ, նրանք ասելիք ունեն թուրքին…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ – Hayzinvor.am

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան
Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին
«Սա մեծ տառերով թող կպցվի ղեկավարներից մինչեւ վարչապետի սենյակում»․ Սոս Ջանիբեկյան