
Մեր օրերում, երբ սնունդը հագեցած է կոնսերվանտներով, արոմատիզատորներով և այլ քիմիայով, շատերս ենք ձգտում հնարավորինս զերծ մնալ խանութի սնունդից և երեխաների համար աշխատում ենք ամեն բան տանը պատրաստել։
Պարզվում է, որ անգամ պաղպաղակը կարող ենք պատրաստել տանը՝ շատ համեղ և որակյալ։
Այսօր EnterTrain-ը կպատմի, թե ինչպես տնային պայմաններում պատրաստենք շոկոլադապատ պլոմբիր։
Պլոմբիր տնային պայմաններում
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 300 գրամ խտացրած կաթ
- 30 մլ սերուցք (25% ոչ պակաս)
- 90 գրամ կաթնային շոկոլադ
- Մեկանգամյա օգտագործման թղթից բաժակներ
- Փայտե կամ պլաստիկ փայտիկներ
Պատրաստման եղանակը
1. Սերուցքը լցրեք խորը ամանի մեջ և ձեռքի կամ էլեկտրական հարիչով հարեք, մինչև փրփրի։ Խփելու ընթացքում զանգվածը կրկնակի ավելանում է։
2. Սերուցքի մեջ աստիճանաբար լցրեք խտացրած կաթը և շարունակեք հարել։
3. Ստացված զանգվածը տեղափոխեք հարմար տարայի մեջ։
4. Շոկոլադը հալեցրեք ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանի մեջ։
5. Շոկոլադը լցրեք բաժակների մեջ և հետ շրջեք, որպեսզի շոկոլադը թափվի և մնա միայն պատերին և բաժակի հատակին քսված։
6. Բաժակները 10 րոպեով դրեք սառցախցիկը։
7. Հիմա բաժակների մեջ լցրեք պաղպաղակը, ամեն մի բաժակի մեջ մի փայտիկ դրեք և նորից դրեք սառցախցիկը հինգ ժամով կամ թողեք ամբողջ գիշեր։
8. Երբ պլոմբիրը կսառչի, զգուշորեն կտրեք ստվարաթղթի բաժակը և հանեք պաղպաղակի վրայից։
9. Ի դեպ, պլոմբիրը պարտադիր չէ շոկոլադապատ անել, այն կարող եք պարզապես լցնել բաժակների մեջ, սառեցնել և վայելել մրգերով ու օշարակներով։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին