
Երբեմն շատ դժվար է լինում ընտրել այնպիսի զարդեր, որոնք լավագույնս կընդգծեն ձեր ոճի առանձնահատկությունները:
Երբեմն զարդերի բազմազանության մեջ մենք չենք կարողանում կողմնորոշվել և հասկանալ, թե որ զգեստի հետ կրենք այս կամ այն ականջողը, կամ կարելի՞ է ոսկե մատանին համադրել սիրելի ուլունքների հետ:
Ի դեպ, մատանիների ընտրությունն ու դրանց համադրությունը այլ զարդերի հետ կատարյալ կերպար ստեղծելու ամենակարևոր պահերից մեկն է, որի մասին էլ այսօր կզրուցենք EnterTrain-ի հետ:
Ինչպես կրել զարդերը
Պետք է սկսել նրանից, որ մի կողմ դնենք վառ բիժուտերիան, եթե արդեն 20 տարեկան չենք: Վառ մատանիները, սիլիկոնե թևնոցները համահունչ են նայվում դեռահաս աղջիկների վրա, սակայն երիտասարդ կնոջը և առավել ևս հասուն լեդիին դրանք վայել չեն:
Բնականի կողմնակիցներին խորհուրդ ենք տալիս բնական քարերով աքսեսուարներ չափավոր կրել: Նման մատանի ընտրելիս հատուկ ուշադրություն դարձրեք գույնին և քարի չափսին: Հաշվի առեք, թե որքանով այն ներդաշնակ կլինի ձեր հագուստի հետ:
Հաճախ են կանայք հարցնում, թե արդյոք կարելի է ոսկե զարդերը կրել արծաթի հետ: Իրականում այս համադրությունը նույնիսկ շատ գեղեցիկ է, եթե ճիշտ ընտրեք զարդերը:
Եթե մի քանի նուրբ մինիմալիստական մատանի եք ուզում դնել, համարձակ արեք դա: Այս որոշումը ավելի վառ կդարձնի ձեր կերպարը:
Ընդունված էթիկետի համաձայն չի կարելի երեք մատանիից ավել կրել երկու ձեռքերին միասին: Սակայն շատերը դրան ուշադրություն չեն դարձնում և իրենց հրաշալի են զգում՝ զարդարելով մատները տարբեր մատանիներով:
Իրականում մեկ ճիշտ կանոն գոյություն ունի, որը կօգնի լուծել զարդերի քանակի հարցը. աքսեսուարների ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 11 միավորը: Այստեղ կարևորը հասկանալն է, թե ինչն եք ուզում ընդգծել ձեր արտաքինում և ըստ դրա ընտրել անհրաշեծտ աքսեսուարները:
Եթե շեշտն ուզում եք հենց ձեռքերի վրա դնել, այդ դեպքում մի զրկեք ձեզ միանգամից 5 կամ 10 մատանի կրելու հաճույքից, պայմանով, որ դրանք սազում են միմյանց և դուրս չեն գալիս ընդհանուր կերպարից: Միայն հիշեք, որ այս դեպքում դուք պետք է կատարյալ մատնահարդարում ունենաք:
Եթե ցանկանում եք մատանի նվիրել, հաշվի առեք կնոջ տարիքը, ում դա նվիրելու եք: Երիտասարդ կնոջը նուրբ գեղեցիկ մատանի ընտրեք, իսկ տարիքով կնոջն ավելի կսազի մեծ քարով խոշոր մատանին: Հասուն կնոջ ձեռքին դա ավելի տեղին և ներդաշնակ կդիտվի:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին