
Շուրջ 2000 տարի առաջ Հան կայսրության օրոք ստեղծված ավելի քան 80 բրոնզե հայելիներ են հայտնաբերել չինացի հնագետները՝ հնագույն գերեզմանատան պեղումների ժամանակ:
Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Պեղումներն իրականացվել են Շաանսի նահանգի Գաոժուանգ քաղաքում գտնվող գերեզմանատանը, որտեղ 400-ից ավելի տոհմական դամբարան կա: Նախկինում շատ կերամիկական և բրոնզե իրեր են գտել, բայց գիտնականներն առաջին անգամ հայելիների հանդիպեցին:
Հայելիների չափը 7-22 սմ է: Դրանք տեղակայված էին գլխի մոտ և կմախքի վերին մասի շուրջը: Հայելիներ հայտնաբերվել են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց գերեզմաններում. Ակնհայտ է, որ թե կանայք, թե տղամարդիկ դեմ չեն եղել հիանալ սեփական արտացոլանքով:
Չնայած տարիքին՝ հայելիները պահպանել են արտացոլելու հատկությունը: Դրանց վրա հնարավոր է տարբերակել բազմաթիվ դետալներ, ներառյալ՝ ամպեր և հին հիերոգլիֆներ: Դրանցից մեկի գրությունը թարգմանվել է որպես «բարեկեցության տուն»: Ընդհանուր առմամբ, արձանագրություններն ավելի լավ կյանքի ակնկալիքներ էին արտացոլում:
Հետազոտողները նշում են, որ գերեզմանոցում, ըստ ամենայնի, կան բարձր դասի ներկայացուցիչներ, ինչը բացատրում է գերեզմաններում նրբաոճ հայելիների առկայությունը:
Հայելիները ծիսական դեր են ունեցել։ Դրանք հանգուցյալին ուղեկցել են դեպի հանդերձյալ աշխարհ։